ԵԹԵ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՀԱՄԱՐՎԻ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ, ԱՊԱ...
Ցավալի է, բայց փաստ, որ մեր տարածաշրջանի երկրները կարծես ինչ-որ «չար ոգու» ցանկությամբ չեն կարողանում ազատվել հետընտրական գործընթացներում անցանկալի զարգացումներից ու ցնցումներից: Ահա և հարևան Իրանը, որ փորձում էր ամեն ջանք ներդնել ապացուցելու համար իսլամական աշխարհում ամենաժողովրդավարական երկիր լինելը, նախագահական ընտրություններից հետո հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: ՈՒշադրության է արժանի նաև այն, որ մինչև ընտրությունները մեծ էին ոգևորությունն ու դրական փոփոխությունների սպասումներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Քվեարկության օրը երկար հերթեր էին գոյացել տեղամասերում, և ընտրողների աննախադեպ բարձր մասնակցության մասին կանխատեսումներն ավելի քան արդարացան, հարկ եղավ նույնիսկ երկու ժամով երկարաձգել քվեարկությունը: Շուտով հայտարարվեցին արդյունքները, որոնց համաձայն ընտրություններին մասնակցել է Իրանում ընտրական իրավունքից օգտվող քաղաքացիների 85 տոկոսը (39 միլիոն մարդ), և առաջին իսկ փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ստանալով ձայների 62,6 տոկոսը: Նրա հիմնական հակառակորդ, բարեփոխիչ և նախկին վարչապետ Միր-Հուսեյն Մուսավին արժանացել է ընտրողների 33,7 տոկոսի աջակցությանը, մյուս երկու թեկնածուները միասին հավաքել են մոտ երկու տոկոս: Սակայն համընդհանուր ոգևորությունն Իրանում շատ արագ փոխարինվեց գրեթե քաոսով` ուղեկցվելով հայաստանյան ընտրողին խիստ ծանոթ իրադարձություններով:
Դեռ մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումն Իրանի պետական լրատվական գործակալությունը տեղեկացրեց, թե գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը միանշանակ հաղթանակ է տարել, իսկ նրա ընտրարշավի ղեկավարը հայտարարեց, որ «հաղթանակը կասկածի տակ դնելու ցանկացած դրսևորում ժողովուրդը կընկալի որպես կատակ»: Վերընտրված նախագահի համախոհները, բնականաբար, սկսեցին նշել իրենց թեկնածուի հաղթանակը: Սակայն պարզվեց, որ Մահմուդ Ահմադինեժադի հիմնական մրցակից Մուսավին բոլորովին էլ մտադիր չէ հաշտվել ընտրությունների արդյունքների հետ, և նրա ինտերնետային կայքում հայտնվեցին ընտրությունները կեղծելու մասին առաջին հայտարարությունները: Համանման դիրքորոշմամբ հանդես եկավ նաև մեկ այլ թեկնածու` խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին: Մուսավիի կողմնակիցներից մի քանի հազար մարդ դուրս եկավ Թեհրանի կենտրոն` «Որտե՟ղ է իմ ձայնը» պաստառներով, և սկսեց պահանջել ընտրությունների չեղյալ հայտարարում ու նոր ընտրությունների անցկացում: Ոստիկանությունը, ինչպես ընդունված է Իրանում, բավական կոշտ կերպով ճնշեց բողոքի գործողությունները, տարբեր տեղեկությունների համաձայն` կան տուժածներ, իսկ «Էլ-Արաբիա» հեռուստաընկերության հաղորդմամբ` նույնիսկ զոհեր: Ճիշտ է, հիշյալ տեղեկատվության տարածումից հետո հեռուստաընկերությունն անմիջապես զրկվեց Իրանում հավատարմագրումից:
Ըստ տարածված տեղեկատվության` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված են նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի եղբայրը, Մուսավիին աջակցող կազմակերպությունների և երիտասարդական շարժումների առաջնորդները ոստիկանությունը փակել և կնքել է Մուսավիի նախընտրական շտաբը: Արևմտյան դիտորդների գնահատմամբ, անկարգությունները Թեհրանում ամենածավալունն են 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո: Միաժամանակ, նախկին վարչապետ Մուսավին հայտարարում է, թե իր թիկունքում «չկա ոչ ոք, բացի ժողովրդից, իսկ ժողովրդի հետ ես կգնամ մինչև վերջ»: Հարկ է նշել, որ միայն Մուսավին չէ, որ բողոքում է ընտրությունների արդյունքներից: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի առաջին նախագահ Աբուլհասան Բանիսադրը ներկա իրավիճակը համեմատել է, ո´չ ավել, ո´չ պակաս, գեբելսյան ժամանակների հետ` հայտարարելով. «Եթե պետք է ստել, ապա այնքան մեծ սուտ պետք է ասվի, որ հավատան: Իրականում քաղաքները և ազգային նահանգները պետք է որ քվեարկեին Մուսավիի օգտին»: Նախկին վարչապետն ու իր կողմնակիցները հայտարարում են, թե 46 մլն ընտրողների համար 59,5 մլն քվեաթերթիկներ են տպագրվել, և իշխանությունների կողմից լցոնումները կրել են համատարած բնույթ: Զինվորականների փաստաթղթերը նախօրոք հավաքվել են սպաների կողմից, ինչը նույնպես ազդել է քվեարկության վրա: Ասվում է նաև, թե քվեախցիկների առնվազն 30 տոկոսը հսկվում էր իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, լրագրողներին թույլ չեն տվել մտնել ներքին գործերի նախարարության շենք և ներկա լինել ձայների հաշվարկին, քանի որ հենց այդ կառույցն է իրականացնում ընտրությունների ողջ գործընթացն Իրանում: Պարտված թեկնածու Մուսավին հայտարարություն է տարածել` ուղղված իր կողմնակիցներին. «Ընտրությունների ժամանակ թույլ են տրվել շատ լուրջ խախտումներ, դուք լիարժեք իրավունք ունեք ձեզ վիրավորված զգալու: Բայց ես վճռականորեն կոչ եմ անում ձեզ` վտանգի չենթարկել որևէ մեկի կյանքն ու առողջությունը»: Բացի այդ, նախկին վարչապետը բողոք է հղել Իրանի Պահապանների խորհրդին, որը կազմված է 12 բարձրաստիճան հոգևորականներից, հետևում է երկրում օրինականության պահպանմանը և զգալի քաղաքական ազդեցություն ունի: Մուսավին պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունները և ամեն ինչ սկսել նոր էջից:
Մինչդեռ վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր առաջին իսկ ելույթում խոստացավ արդարացնել ժողովրդի վստահությունը, իրականացնել հեղափոխական փոփոխություններ և նոր փուլ բացել Իրանի պատմության մեջ. «Այսօր Իրանի ժողովուրդը ոգևորեց այլ երկրների և հուսախաբ արեց իր չարակամներին: Ընտրությունները եղել են բացարձակապես ազատ, և սա մեծ հաղթանակ է»: Անհնար է ժխտել, որ վերընտրված նախագահն Իրանում զգալի աջակցություն ունի, նրա բազմամիլիոն կողմնակիցներից շատերը իրականում էլ հիասթափված չեն նրա կառավարման առաջին ժամկետի արդյունքներից: Իր էությամբ պոպուլիստ և գործողություններով սոցիալիստ Մահմուդ Ահմադինեժադը մեծ ժողովրդականություն է վայելում բնակչության առավել պահպանողական, ինչպես նաև սոցիալապես անապահով խավերի շրջանում: Ավելին, Իրանի բնակչության զգալի մասն իսկապես հավատում է, որ իրենց երկիրը դառնում է մեծ, հզոր միջուկային տերություն, ինչը վերընտրված նախագահի խոշորագույն ծառայությունն է համարվում: Բնակչության այդ շերտերը չեն տեսնում կամ ուշադրություն չեն դարձնում լարվածությանը միջազգային ասպարեզում, վստահում են հեղափոխության առաջնորդ Խամենեիին, ինչը Իրանի` իբրև երկրի, հետաքրքիր առանձնահատկություններից մեկն է:
ՈՒշագրավ է և այն, որ մրցակից կողմերը միմյանց մեղադրում են իսլամական հեղափոխության ձեռքբերումները վտանգելու մեջ: Այս դիրքորոշումից ավելի բարձր է փորձում կանգնել երկրի հոգևոր առաջնորդ Խամենեին, որը կոչ արեց բոլորին` ձեռնպահ մնալ սադրանքներից և Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու փաստը համարեց վերին կամքի արտահայտություն: Այնուհանդերձ, կան պնդումներ, թե նույնիսկ Իրանի հոգևոր դասի շրջանակներում կան դժգոհություններ ընտրությունների արդյունքներից, և հոգևորականներին համախմբող տարբեր ազդեցիկ խմբեր արդեն իսկ հանդես են եկել նոր ընտրություններ անցկացնելու առաջարկներով: Մասնավորապես, «Զինվորական քարոզիչների իսլամական ասոցիացիան», որ որոշակի ազդեցություն ունեցող խմբավորում է, իր աջակցությունն է հայտնել նախկին վարչապետ Մուսավիին: Թեպետ, անշուշտ, դժվար է դա գնահատել որպես հոգևորականության երկփեղկվածության արդյունք: Անկասկած, ներքին լարվածության աճին նպաստեց նաև նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի հայտարարությունը, որը մեղադրեց Մահմուդ Ահմադինեժադին, ոչ ավել ոչ պակաս, դավաճանության մեջ, կանխատեսելով, թե այսպես շարունակվելու դեպքում տեղի կունենա «հրաբխի հզորության սոցիալական պայթյուն»: Այս պարագայում, սակայն, հարկ է նշել, որ նախկին նախագահը ոչ միայն Մուսավիի կողմնակիցներից է, այլև ուղղակի խնդիրներ ունի վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, քանի որ վերջինս ընտրարշավի ժամանակ Ռաֆսանջանիի ընտանիքին մեղադրել էր կոռուպցիայի մեջ:
Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված միջազգային արձագանքներին, ապա սկզբում` մինչև Մուսավիի կողմնակիցների փողոց դուրս գալը, դրանք բավական լավատեսական էին: Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը ողջունեցին Իրանում նոր ոճով ընտրությունների անցկացումը` այն համատեքստում, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բաց հեռուստաբանավեճ տեղի ունեցավ թեկնածուների միջև: Սակայն հետագա զարգացումների արդյունքում լավատեսական սպասումները փոխվեցին մտահոգությամբ լի հայտարարությունների: Առանձնակի մտահոգիչ է, թերևս, Գերմանիայի արձագանքը, որը Թեհրանի հիմնական գործընկերներից մեկն է Եվրոպայում: Ակնհայտ է, որ հակադրության խորացումը, և իշխանությունների կողմից կոշտ միջոցների գործադրումը հազիվ թե կնպաստեն ինչպես լարվածության նվազեցմանը, այնպես էլ միջազգային ասպարեզում Թեհրանին մեկուսացնելու փորձերի հաղթահարմանը: Եվ, այնուհանդերձ, միանգամայն հավանական է, որ պետականության բազմահազարամյա փորձը Իրանի պարագայում դարձյալ վճռական դեր կխաղա, քանզի աշխարհի խաչմերուկների միջև գտնվող այս երկիրն անցած հազարամյակների ընթացքում ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ իր հարաբերությունների կարգավորման ահռելի փորձ է կուտակել: Այլ հարց է, թե ինչպես և ինչ ժամկետներում հնարավոր կլինի հաղթահարել հետընտրական զարգացումների արդյունքում առաջացած խնդիրները: Համենայն դեպս, եթե ընտրությունների արդյունքները վերջնական ճանաչվեն, և Մահմուդ Ահմադինեժադը համարվի վերընտրված նախագահ, կարելի է կանխատեսել, որ Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման դրական դինամիկան առաջիկա չորս տարիներին էական փոփոխությունների չի ենթարկվի: Իսկ դա հայ-իրանական հարաբերություններում մեզ համար ամենակարևորն է:
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ